Հրազդանում տարեց կնոջ սպանության համար ձերբակալվել է փեսան. մանրամասներ

Քննչական կոմիտե
49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, նրան գցել է հատակին, ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 74-ամյա կնոջ սպանության համար ձերբակալվել է նրա փեսան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի 43 բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։
«Դեպքի օրը՝ 2022թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 20։00-00։00-ն ընկած ժամանակահատվածում, 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է նրան, գցել հատակին և ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ ապօրինաբար զրկելով կյանքից»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Կնոջ մահվան մասին դեկտեմբերի 22-ին հաղորդում է ներկայացրել հարևանը` ասելով, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանություն է եղել, նույն օրը հաղորդում է ներկայացրել նաև տարեց կնոջ դուստրը` նշելով, որ մորը տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան, իր մոտ եղած բանալիով բացել դուռը և հայտնաբերել դին։
49-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել։ Նա խոստովանական ցուցմունք է տվել։
Սպանության փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։