ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագիրք մշակելու հարցը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի միասնական դասագիրք մշակելու հարցը։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք քննարկել ենք կրթության և դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագրքի պատրաստման, Հայաստանում ռուսական կրթության խթանման հարցերը»,- ասել է Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը, որին հայկական պատվիրակությունը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։ Կողմերը ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ամփոփիչ արձանագրությունը, այնուհետև տեղի ունեցավ 2 երկրների դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողություն։