Դոնեցկում ու Ռոստովում չեն համարձակվել վիրահատել հրետակոծությունից վիրավորված Ռոգոզինին

Դմիտրի Ռոգոզին
Ներկայումս Դմիտրի Ռոգոզինը Ռոստովից Մոսկվա տեղափոխության է սպասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել վիրահատել «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինին՝ նրա վնասվածքի բարդության պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարի օգնականին։
«Առայժմ Դմիտրի Օլեգովիչը չի վիրահատվել։ Դոնեցկի ու Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել վիրահատություն անել՝ հաշվի առնելով դրա բարդությունը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո անհրաժեշտ բուժօգնության մասին որոշումը կկայացնի բժիշկների խումբը», - ասել է նա։
Դմիտրի Ռոգոզինի կինը՝ Տատյանան, հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները Դոնեցկի հրետակոծությունից հետո իր ծանր կոնտուզիայի մասին:
«Ես ծանր կոնտուզիա չունեմ, փառք Աստծո։ Ամուսինս վնասվածք ունի», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը մի խումբ ռազմական խորհրդականների հետ Դոնեցկում հայտնվել էր ուկրաինական հրետակոծության տակ։ Տատյանան ամուսնու հետ գտնվում էր Դոնեցկում, երբ նրանք և «Ցարական գայլեր» ռազմական խորհրդականների խումբը, որը հատուկ գործողության գոտում ղեկավարում է Ռոգոզինը, ընկել են կրակի տակ: Ինքը՝ Ռոգոզինը, ծանր վնասվածք է ստացել ողնաշարի հատվածում. այնտեղ զինամթերքի բեկոր է մնացել։
Այժմ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարը գտնվում է Դոնի Ռոստովի հիվանդանոցում և սպասում է Մոսկվա տեղափոխվելուն:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 301-րդ օրը։