ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 67–ը, դեմ` 32–ը։ Ձեռնպահ չկար։
«Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի մայիսին, իսկ արդեն 2026 թվականի մայիսին ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները կլրացնեն հայտարարագրերը»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով` պատասխանատվության ավելի խիստ միջոցներ կմշակվեն այն անձանց համար, որոնք կխուսափեն հայտարարագիր ներկայացնելուց։ Հնարավոր է` միջոցները չլինեն տուգանքի տեսքով։
Միաժամանակ պատգամավորը հավելեց, որ առաջարկվել է հայտարարագրել նաև քաղաքացիների ունեցվածքը, սակայն դա չի ընդունվել։ Նա չբացառեց, որ նման նախագիծ կքննարկվի ապագայում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց` նախագծում ռիսկեր է տեսնում ու անընդունելի է համարում արտագնա աշխատանքի մեկնող, տրանսֆերտներով ապրող մարդկանց և գյուղացիներին հայտարարագրելու կառավարության մտադրությունը: Նրա կարծիքով` փորձում են հայտարարագրել եկամուտները, որպեսզի հետագայում այդ մարդկանց եկամուտները հարկել։
Ի պատասխան՝ Թունյանը վստահեցրեց` արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ու տրանսֆերտները չեն հարկվելու, և ավելացրեց` ընդդիմադիր պատգամավորը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ ընդգծեց, որ եկամուտների հայտարարագրումը կապված չէ որևէ լրացուցիչ հարկման հետ։