Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ խոսել է Լաչինի միջանցքի մասին

Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային անվտանգության ու կայնության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Միրզոյանը Կլաարի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այդ ամենի հումանիտար հետևանքների մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։