ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքն արգելափակելով` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է ստեղծում, այդ քայլը միտված է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են գերատեսչությունից։
«Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում»,– ասել է Միրզոյանը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։