Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Զինծառայողներ
Հակառակորդը նաև ականանետ է կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՊՆ–ի` հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։