Զապորոժիեի պաշտպանական գոտին անհրաժեշտ է միջուկային վթարը կանխելու համար. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Ռաֆայել Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանական գոտին անհրաժեշտ է բացառապես միջուկային վթարը կանխելու համար։ Այս հայտարարությունն արել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունները խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում: ՌԴ պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, ՄԱԳԱՏԷ- ի պատվիրակությունը` գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում պաշտպանական գոտու ստեղծման շուրջ անհրաժեշտ քննարկումների հերթական փուլն էր։ Առանցքային կետն այն է, որ գոտին անհրաժեշտ է բացառապես միջուկային վթարը կանխելու համար։ Շարունակում եմ ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար` գիտակցելով հարցի հրատապությունը»,- գրել էր Գրոսին Twitter-ում։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: