Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023թ. առաջնությունը կանցկացվի Երևանում

Սամբո
Կարեն Գիլոյանը Երևանում անցկացված առաջնության ավարտից հետո FIAS-ի նախագահին առաջարկել էր մեծահասակների ԱԱ-ն անցկացնել Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը նոյեմբերի 10-12-ը կանցկացվի Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հղում անելով Սամբոյի միջազգային ֆեդերացիային՝ FIAS-ին։
«FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրությունում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանում անցկացված առաջնության ավարտից հետո FIAS-ի նախագահին առաջարկել էր մեծահասակների ԱԱ-ն անցկացնել Երևանում։
Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:
Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ և 17 բրոնզ:
104 ոսկե մեդալ․ Գիլոյանը խոսել է տարվա ռեկորդային արդյունքների մասին