ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագրում» ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ապա նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։
«Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը և Ռոմանոս Պետրոսյանը»,–գրում է թերթը։
Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։
«Հրապարակը» հիշեցնում է, որ անցյալում անգամ սահմանադրորեն անկախ մարմիններն ու դատարաններն էին համալրում ՔՊ-ականներով` ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կարգելով։
«ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը հիասթափվել է կուսակիցներից»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են գրել ՀՀ ԿԳՄՍՆ Վահրամ Դումանյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Հաջորդ օրը նախարարի պաշտոնում նշանակվեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Դեկտեմբերի 19–ին արդեն նախկին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում։
Հաջորդ օրը ֆինանսների նախարար դարձավ Վահե Հովհաննիսյանը։