ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի նոյեմբերին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 000–ը, նոյեմբերի տվյալներով` մենք ունենք 701 451 աշխատատեղ»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2018թ–ի մայիսից ի վեր (իշխանափոխությունից հետո. խմբ.) ՀՀ–ում ստեղծվել է 153 462 աշխատատեղ, ինչը 28 տոկոս աճ է ենթադրում նախորդ ցուցանիշի համեմատ։
Վարչապետը հայտնեց, որ ՀՀ աշխատավարձի ֆոնդը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է` ավելանալով շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի չափը 2021թ–ի նոյեմբերի նկատմամբ ավելացել է 44 931 դրամով կամ 20.4 տոկոսով։