ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է զենքի արտադրության զանգվածային ավելացման ուղղությամբ` սեփական պաշտպանությունն ուժեղացնելու և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է Financial Times թերթի համար գրված իր հոդվածում։
«ՆԱՏՕ-ն աշխատում է պաշտպանական արդյունաբերության հետ` զենքի և զինամթերքի սպառված պաշարները համալրելու, ինչպես նաև արտադրության ծավալների զանգվածային ավելացման համար»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով` Ուկրաինային աջակցություն կցուցաբերվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Դաշինքը մտադիր է աջակցել Կիևին «հանուն նրա ապագայի և հանուն սեփական ապագայի»:
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 300-րդ օրը։