Կենսաթոշակառուների նպաստները կվերականգնվե՞ն. կառավարությունը կարող է վերանայել որոշումը

Թոշակառու. Արխիվային լուսանկար
Թոշակները ՀՀ–ում սեպտեմբերից բարձրացել են, բայց կան դեպքեր, երբ ընտանիքները դրա պատճառով զրկվել են նպաստից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2023 թվականի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված` զրկվել էին ամսական նպաստից գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ թոշակները ՀՀ–ում սեպտեմբերից բարձրացել են, բայց կան դեպքեր, երբ ընտանիքները դրա պատճառով զրկվել են նպաստից (քանի որ նրանց ընդհանուր եկամուտն աճել է)։
«ԱԺ–ից այս մասով լուրջ ճնշումներ են գործադրվել կառավարության վրա` պահանջելով վերանայել նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները։ Թեև կառավարությունն այս որոշման մասին դեռ չի բարձրաձայնում, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվարից սկսած` կվերականգնվի մոտ 3800 կենսաթոշակառուի նպաստը։ Ավելին` կենսաթոշակառուները նաև 2022-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար չվճարված նպաստները կստանան. կուլիսներում խոսվում է այդ մասին»,– ասված է թերթում։
Նշվում է, որ չի բացառվում, թե իշխանություններն այսկերպ փորձեն սիրաշահել թոշակառուներին և վերջիններիս համոզեն, թե ինչքան շատ են իրենք «սիրում բոլորին, հպարտանում բոլորով»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 ընտանիք։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։