Հույս ունեմ, որ ուղիղ հաղորդակցության արդյունքում Լաչինի իրավիճակը կկարգավորվի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում նշել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինում նման իրավիճակ չպետք է լիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի.ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության` ունենք այն, ինչ ունենք: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես։ Հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հասնել»,-ասել է Փաշինյանը։
Միաժամանակ նա խոսել է տնտեսության վիճակից` ասելով, որ տնտեսական աճի հեղինակն իրականում ոչ թե կառավարությունն է, այլ այն մարդիկ, որոնք ստեղծում են այդ աճը, այլ բան է, որ կառավարությունը պետք է չխանգարի նրանց տնտեսությունը զարգացնելու գործում: Նրա խոսքով` շատ կարևոր է հավասար մրցակցային դաշտի ապահովումը և, իհարկե, նաև կարգավորումը՝ բյուրոկրատական քաշքշուկների կրճատումը, ներդրումային միջավայրի բարելավումը:
Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին նշել է, թե շատ դժվար ժամանակներ են կառավարության համար. «Վերջին իրադարձություններն առավել ևս, բայց համոզված եմ, որ սրանով մեր ուղուց պետք է չշեղեն, և հիմնականում այս արհեստական դժվարությունները հենց միտված են դրան, որպեսզի շեղվենք և զբաղվենք ավելի կարևոր գործերով, բայց կարծում եմ, որ (Դուք միշտ էլ դա նշում եք) բոլոր գործերն են կարևոր, և մենք պետք է բոլոր այդ կարևոր գործերը կարողանանք հաջողությամբ ավարտել»։
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
Նախագահի խոսքով` տնտեսական առումով կառավարության ձեռքբերումները շատ ակնառու են, և շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել:
Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ, ըստ Խաչատուրյանի, մեզ մոտ բիզնեսը հիմնականում ազատվել է բոլոր կապանքներից, ազատ գործում է, որտեղ ցանկանում է, ինչպես ցանկանում է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։