ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. 2023թ–ին Հայաստանում նախատեսվում է նոր արյան բանկ կառուցել` շենքային նոր պայմաններով ու միջազգային ժամանակակից սարքավորումներով։
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Առողջապահության նախարարության առաջարկով կառավարությունը կհամաֆինանսավորի նախագիծը։ Այդ նպատակով ՀՀ 2022թ–ի պետական բյուջեից այսօր հատկացվել է 80 մլ դրամ։ Եվս շուրջ 150 մլն դրամ էլ կհատկացվի հաջորդ տարի` նախագծի իրականացման ընթացքում։
Ֆինանսավորման մյուս աղբյուրը «Ջինիշյան հիշատակի հիմնադրամն» է, որը պատրաստակամություն է հայտնել շուրջ 600 000 ԱՄՆ դոլարին համարժեք 237 000 000 դրամի չափով աջակցել արյան նոր բանկի ստեղծմանը։
Շենքի շինարարությունը անցկացված մրցույթի արդյունքում պատվիրվել է «Շին» ՍՊ ընկերությունը, որը ներկայացրել է 554 000 000 դրամ գնային առաջարկ։
Ծրագրի ամբողջական արժեքը` ներառյալ արդիական տեխնիկայի ձեռքբերումը, նախնական հաշվարկներով կարժենա շուրջ 668 101 400 դրամ։
Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կազմավորվել է 1947 թվականի մարտի 17-ին՝ Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի հատուկ որոշմամբ։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կենտրոնը տարիներ շարունակ ընդլայնել է կլինիկական գործունեությունը, սակայն արյան և դրա բաղադրամասերի հավաքագրման և պահեստավորման առումով գրեթե մնացել է նույն վիճակում:
Առողջապահության նախարարության կողմից դեռևս 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արյան հավաքումն իրականացնող մարզային ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես` դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:
Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով արյան ծառայության Հրազդանի, Արմավիրի, Լոռու, Գյումրու, Սյունիքի մարզային ստորաբաժանումները կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ նախատեսված էր միացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին ՝ հետագա զարգացման հեռանկարով։
Սակայն որոշումը չի իրականացվել, քանի որ Երևանի կենտրոնի շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս իրականացնել արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորում ու որակյալ պահպանում։ Ուստի անհաժեշություն է առաջացել ստեղծել նոր շենքային ու տեխնիկական պայմաններ` արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորման ու որակյալ պահպանման համար: