Երևանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Հանդիպման ընթացքում պետք է քննարկվեր խաղաղության պայմանագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաղվա հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը` նշելով, որ այսօր Լավրովը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` զրույցի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով:
«Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։ Ափսոսանքով նշվել է, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որի ժամանակ պետք է քննարկվեր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,– ասված է հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքը շարունակելու կարևորությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։