ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի` Շիրակի մարզով անցնող հատվածի դադարեցված շինարարությունն առաջիկայում կվերսկսվի։
Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին է փոխանցել ճանապարհի կառուցման հերթական ծրագրի (Տրանշ 3) համար նախատեսված 3 մլրդ դրամին համարժեք գումարը։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց վարկի ստացմամբ պայմանավորված բյուջետային ծախսերի փոփոխությունը։
Նշված գումարով նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս–Հարավի Թալին- Գյումրի շուրջ 46,2 կմ–անոց հատվածը, որից 18,7 կմ–ը Թալին– Լանջիկ ճանապարհն է, 27,5 կմ–ը` Լանջիկ-Գյումրին։
Հիշեցնենք` ճանապարհի կառուցումը կապալառու ընկերությունը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել էր 2022թ-ի սկզբին։
2022թ. հունիսին կառավարությունը որոշել էր մինչև նոր տրանշի ստանալը աշխատանքները ֆինանսավորել բյուջեից։