ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքի երկրները հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինային մատակարարել են ավելի քան 350 տանկ, 700 հրետանային համակարգ, 100 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 30 ուղղաթիռ, առնվազն 5000 ԱԹՍ, 1000 մարտական զրահամեքենա, առնվազն 800 զրահամեքենա, 5300 շարժական զենիթահրթիռային համակարգ։ Այս մասին ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները հատուկ գործողության սկզբից ի վեր հետևողականորեն ավելացնում են Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալները հակամարտությանը երկարատև բնույթ հաղորդելու համար: Արտասահմանյան ֆինանսական օգնությունն ընդհանուր առմամբ կազմել է գրեթե 100 մլրդ դոլար, մատակարարումներում ամենամեծ ներդրումը կատարում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ռումինիան:
Բանակի գեներալը հայտնել է նաև, որ ռազմական հատուկ գործողությունն 815 կիլոմետր է ընդգրկում, իսկ Ռուսաստանի զինված ուժերի հիմնական ջանքերն այժմ կենտրոնացած են ԴԺՀ-ի ազատագրման վրա:
Գերասիմովը նշել է, որ ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է 11 հազար միավոր ուկրաինական սպառազինություն` օրական կատարելով մոտ 150 թռիչք:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 300-րդ օրը։