-Ինչպե՞ս է ԱԻՆ–ը ամփոփում անցնող տարին։
- Դեկտեմբերի 14–ի դրությամբ բյուջեի մասով նախարարության կատարողականը 85–86 տոկոս է, բայց դեռ ծրագրեր ունենք, որոնք ավարտին կհասցնենք մինչև դեկտեմբերի 30–ը։ Ակնկալում ենք 95 և ավելի տոկոսով իրականացնել մեր կատարողականը։ Իսկ ընդհանուր առմամբ այս տարին հագեցած էր տեխնիկայի ձեռքբերման առումով. մենք կարողացանք գնել թե՛ հատուկ տեխնիկա, թե՛ ամենագնացներ կենցաղային և այլ կանչերի համար։
-Խոսվում էր, որ ԱԻՆ–ը նաև ուղղաթիռ պետք է ձեռք բերի...
- Կա երկու ուղղաթիռ, որ գտնվում են ՊՆ–ի հաշվեկշռում, բայց ըստ անհրաժեշտության, րոպեների ընթացքում վերաձևավորվում են որպես փրկարարական կամ հրշեջ ուղղաթիռ և օգտագործվում են ըստ անհրաժեշտության։
–Օգոստոսի 14-ին «Սուրմալուի» պայթյունը մեծ փորձություն էր ԱԻՆ–ի համար։ Ի՞նչ դասեր եք քաղել ստեղծված իրավիճակից, ի՞նչ թերություններ բացահայտեցիք։
- Ճիշտ եք՝ երևի թե անկախ Հայաստանի պատմության մեջ նմանատիպ ծավալներով աղետ չէր եղել` պայթյուն, մեծ հրդեհ, ու ոչ միայն այդ տարածքում, այլ նաև հարակից փողոցներում։ Սարսափելի էր։ Մենք թեպետ այդ դեպքի հետ կապված ո՛չ մարդկային, ո՛չ տեխնիկական պակաս չենք ունեցել, սակայն, Աստված մի արասցե, նմանատիպ խոշոր երկու դեպք միաժամանակ լինելու պարագայում որոշակի խնդիրներ կունենանք։ Դա գիտակցելով՝ համալրել ենք մեր տեխնիկան։ Անձնակազմի հետ կապված՝ ունենք թափուր հաստիքներ, որոնք մրցութային կարգով հաջորդաբար համալրվում են, կան նաև կամավորականներ։ Մենք հիմա շեշտը դնում ենք կամավորական ջոկատների վրա, որոնք ըստ անհրաժեշտության կարող են ներկայանալ դեպքի վայր։ Մենք ուսուցանում ենք նրանց, ապահովում ենք հանդերձանքով ու գույքով։ Հարկ եղած դեպքում պետք է կարողանանք մի քանի աղետի սպասարկում իրականացնել։
- ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիան որքանո՞վ է նպաստում կադրերի համալրմանը, ի՞նչ խնդիրների եք բախվում։
- Ակադեմիայի գործունեությունը բավականին բարձր եմ գնահատում, դասախոսապրոֆեսորական կազմը բավականին պրոֆեսիոնալ է։ Սակայն կա մի բայց, որն օրենսդրական փոփոխություն է պահանջում։ Ակադեմիայի շրջանավարտները չեն կարող անմիջապես համալրել փրկարարական ծառայությունը, քանի որ այդտեղ աշխատանքի ընդունվելը միայն մրցութային կարգով է, ու նրանք ևս պետք է բավարարեն պահանջվող պայմաններին, այն է՝ անձի 35 տարին չպետք է լրացած լինի, պետք է ֆիզիկական պատրաստվածության, թեստային և բանավոր քննություն հանձնեն։ Այդ երեք փուլերի հանրագումարով ավելի շատ բալեր հավաքած քաղաքացին ընդունվում է փրկարարական ծառայություն։ Բացի տնօրենից և տնօրենի տեղակալներից, մնացած հավակնորդներն անցնում են դրանք։
Սրա հետ կապված կա ցանկություն, որ գոնե գերազանցությամբ ավարտած ուսանողներին առանց այդ փուլերի ընդունենք, բայց օրենքը թույլ չի տալիս։ Այդ մասով պետք է աշխատենք, պետք է օրենսդրական փոփոխություն լինի։
-Սեպտեմբերին ` ադրբեջանական ագրեսիայից հետո, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակիորեն ներգրավվեցին մարտական հերթապահության մեջ։ Դրանով կադրերի սղություն չի՞ առաջանում։
- ԱԻՆ աշխատակիցների ուղիղ գործառույթների մեջ մտնում է ՀՀ պաշտպանությունը։ Փրկարար ծառայողները հարկ եղած դեպքում պետք է մասնակցեն ՀՀ պաշտպանությանը։ Իսկ մարտական հերթապահության մասնակցելը եղել է կամավոր։ Բնականաբար մենք բոլոր հաշվարկներն արել ենք և միաժամանակ նույն ջոկատից մի քանի հոգու չենք ներգրավել, որպեսզի ձեր նշած խնդիրները չառաջանան, և այդ օրերի ընթացքում մենք որևէ խնդիր չենք ունեցել։
–Անդրադառնանք աշխատավարձերին. փոփոխություներ սպասվո՞ւմ են։
- Նախատեսում ենք ատեստավորման համակարգ ներդնել ծառայությունում, որից հետո ատեստացիան անցած փրկարարների աշխատավարձը կրկնակի կբարձրանա։ Այդ գաղափարի շուրջ մենք հիմա աշխատում ենք. պետք է այնպիսի ստանդարտներ մշակենք, որ վստահ լինենք՝ դրանցով անցած փրկարարը մեկ կամ մի քանի աստիճան առաջ է։ Այս հարցի լուծման ժամկետների հետ կապված պետք է նաև հաշվի առնենք ներքին գործերի նախարարության ձևավորումը։
Արմեն Փամբուխչյան
© Sputnik / Aram Nersesyan
– Այսօր շատ է խոսվում, որ ԱԻՆ–ն ամբողջությամբ ընդգրկվելու է ներքին գործերի նախարարության կազմում։
- Նախարարության ստեղծվելուց հետո ԱԻՆ–ը ՊՈԱԿ–ներով, փրկարար ծառայություններով, պետական պահուստի գրասենյակով իր բոլոր գործառույթներն իրականացնելու է ներքին գործերի նախարարության կազմում, որին միանալու է ոստիկանությունն ու միգրացիայի ծառայությունը։ Երկու փոխնախարարներից մեկը լինելու է ոստիկանության, մյուսը՝ փրկարարական ծառայության գծով։ Քաղաքացիների մտավախությունը, թե փրկարար ծառայություն չի լինելու, անտեղի է։ Նույն կերպ աշխատելու են՝ ո՛չ համազգեստն է փոխվելու, ո՛չ տեխնիկան։ Ինչի համար դիմել են փրկարարներին, շարունակելու են դիմել, այդ մասով ոչինչ չի փոխվելու քաղաքացիների կյանքում։
–Իսկ այդ կառուցվածքային փոփոխություններից հետո որտե՞ղ եք ձեզ տեսնում
- Որտեղ քաղաքական թիմը որոշի։