93 հազար 250 դրամի դիմաց պայմանագրային զինծառայողը պետական դավաճանություն է կատարել

Մարտական դիրքեր. Արխիվային լուսանկար
Նշված հանցանքը կատարելու համար զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. 93 հազար 250 դրամի դիմաց պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցին է փոխանցել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Այս մասին հատնում է ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտը 2022 թ.–ի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ ու նրան հայտնել է ծառայողական ու պետական գաղտնիքներ, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ։
«Մասնավորապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն ստացել է համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար»,– ասված է հաղորդագրությունում։
Եվս 48 հազար դրամ նա ստացել է իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեման» օտարերկրյա գործակալին հանձնելու համար։
Արդյունքում պայմանագրային զինծառայողը խոչընդոտել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել է պետական դավաճանություն:
Նշված հանցանքը կատարելու համար զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: