Ո՞րն է «Տարվա հայերեն բառը». Լեզվի կոմիտեն ամփոփել է քվեարկության արդյունքները

Գիրք
Լեզվի կոմիտեն առաջարկել էր 12 տարբերակից ընտրել տարվա բառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. «Գիտարբուքը» հայերենի «Տարվա բառն» է։ Լեզվի կոմիտեն ամփոփել է նախապես հայտարարված քվեարկության արդյունքները։
Ընտրության համար առաջարկել էին 12 բառ (այբբենական կարգով), «գիտարբուք» բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը։
«Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի»,– ասված է հաղորդագրությունում։
Երկրորդ տեղում «բանակաշինություն» բառն է (16%), իսկ երրորդ տեղում «ինքնիշխանություն» բառն է (11%): 7–ական տոկոս են հավաքել «աշխարհակարգ», «ապաշրջափակում» և «գրքատոն» բառերը։