ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարին են ներկայացվել մի շարք ներդրումային նախագծեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման և այլն։
«Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Նա հանձնարարել է հավանության արժանացած նախագծերի շուրջ իրականացնել խորացված ուսումնասիրություններ և նախագծերը բերել վերջնական տեսքի: