Ռուսաստանն ու Իրանը միլիարդներ կներդնեն 3000 կմ երկարությամբ նոր առևտրային միջանցքի մեջ

Ռուսաստանի ու Իրանի դրոշները
Ակնկալվում է, որ այն կընդլայնի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը զբաղվում են արևելքից մինչև Հնդկական օվկիանոս երեք հազար կիլոմետր երկարությամբ նոր անդրմայրցամաքային առևտրային միջանցքի ստեղծմամբ։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նոր երթուղու ներդրումները 20 մլրդ դոլար են կազմում։
«Երկու երկրները միլիարդավոր դոլարներ են ծախսում Կասպից ծովի հետ կապված գետերով ու երկաթուղիներով բեռների առաքումն արագացնելու համար։ Bloomberg-ի կողմից հավաքված նավերի հետևման տվյալները ցույց են տալիս, որ տասնյակ ռուսական և իրանական նավեր, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող, արդեն երթևեկում են այդ երթուղով», - նշվում է հոդվածում։
Գործակալությունը նշում է, որ նախկինում Ռուսաստանից դեպի արևելք գնացող ծովային ճանապարհն անցնում էր Հյուսիսային ու Միջերկրական ծովերով և կազմում էր մոտ 14 000 կմ:
Նոր առևտրային ուղին թույլ կտա Ռուսաստանին և Իրանին արագացնել բեռների փոխադրումը գետերով ու երկաթուղիներով՝ հազարավոր կիլոմետրերով կրճատելով առաքման երթուղին: Բացի այդ, վերլուծաբանները կարծում են, որ միջանցքը կմեկուսացվի արևմտյան երկրների միջամտությունից, և գործընկեր պետություններին կհաջողվի պատժամիջոցների նկատմամբ կայուն մատակարարման շղթաներ ստեղծել Ասիայի արագ աճող տնտեսությունների համար:
«Սա օրինակ է այն բանի, թե ինչպես է խոշոր տերությունների միջև մրցակցությունը արագ փոխում առևտրային ցանցերը համաշխարհային տնտեսությունում, որը, կարծես, պատրաստ է մրցակից բլոկների բաժանվել», — նշում են գործակալության փորձագետները:
Բեռները «Հյուսիս-Հարավ» ճանապարհով Իրանից Վրաստան կհասնեն 2-3 օրում. Իրանում ՀՀ դեսպան
Արևմտյան երկրները մտահոգված են նոր երթուղու վրա Ռուսաստանի և Իրանի աշխատանքով։ Սակայն լրագրողները կարծում են, որ դաշնակիցների մտահղացման հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք ասիական երկրները կհամաձայնեն խախտել պատժամիջոցները։
Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր 4 մլրդ դոլար է կազմել: Bloomberg-ը հայտնում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումից և այդ վիթխարի նախագծի իրականացումից հետո այդ թիվը կարող է 40 մլրդ դոլարի հասնել: