Օրերս Երևանում փորձագիտական քննարկում տեղի ունեցավ Ռուսաստանից ժամանած խոսնակների մասնակցությամբ, որին մասնակցեցի նաև ես։
«Աջակցություն» («Содействие») տեղեկատվական-վերլուծական կենտրոնի (ք. Մոսկվա) ռուսաստանցի փորձագետները ներկայացրին իրենց հետազոտությունը, ըստ որի՝ վերջին 4 տարում արևմտյան ֆինանսավորումը զգալիորեն աճել է, օրինակ` 2018 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանին հատկացրել է 19 218 037 դոլար, իսկ 2021 թվականին այդ գումարն էապես ավելացել է՝ հասնելով 28 518 226 դոլարի։
«Միջոցների զգալի մասը հատկացվում է իրավապաշտպան գործունեությանը և ԶԼՄ-ների աշխատանքին։ Հիմնական նարատիվն այն է, որ Ռուսաստանն իբր «լքել» է Հայաստանին, իսկ ՀԱՊԿ-ը խիստ անարդյունավետ կառույց է»,- նշեց «Աջակցություն» նախագծահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ալեքսանդրովսկին։
Փորձագետները հաշվել են, որ Հայաստանում օտարերկրյա հիմնադրամների հովանու ներքո գործում է մոտ 10 քաղաքական կուսակցություն և ավելի քան 13 տեղեկատվական ռեսուրս, որոնք աշխատում են արևմտյան դրամաշնորհային աջակցության հաշվին:
Հետազոտել են նաև սոցիալական ցանցերի և մեդիայի հայկական տիրույթը։ Օտարերկրյա ՀԿ-ների, հիմնադրամների և հասարակական-քաղաքական ուժերի հիմնական գործունեությունն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, ինչպես նաև հայ հանրության շրջանում Ռուսաստանի կերպարը վարկաբեկելուն։
Հայաստանում լավ հայտնի է ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի անունը և նրա «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը»։ Փորձագետներն ու հասարակական-քաղաքական գործիչներն ընդգծում են, որ հիմնադրամը միջամտում է այն երկրների ներքին գործերին, որտեղ գործունեություն է ծավալում, ինչի պատճառով էլ որոշ պետություններում այն արգելված է։
Համաժողովի մասնակիցները համակարծիք էին, որ Սորոսի հիմնադրամը սառցալեռան գագաթն է, իսկ Հայաստանի տարածքում գործում են ոչ պակաս ապակառուցողական հիմնադրամներ և կազմակերպություններ, ինչպիսիք են Ժողովրդավարության աջակցության ամերիկյան հիմնադրամը (NED), Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը ( EED), ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և այլն:
Հայաստանում այսօր հաջողվում է միայն արձանագրել արևմտյան ՀԿ-ների ակտիվությունը, բայց ոչ հակազդել դրանց աշխատանքին։ Այդ մասին կարծիք հայտնեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պաշտոնաթող փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է էապես փոխի մոտեցումը խնդրի նկատմամբ։ Չէ՞ որ Սորոսի հիմնադրամը փաստացի պետական գործառույթներ է ստանձնել։
«Այն, ինչ պետք է անի պետությունը, ինչ-որ հիմնադրամ է անում»,-ընդգծեց Ավետիսյանը։
Գնդապետը կարծում է, որ արևմտյան ՀԿ-ները, առանց պատժվելու, կեղծ արժեքներ են տարածում:
Երեսուն տարի շարունակ օտարերկրյա հիմնադրամներն ու այլ կառույցներ Հայաստանում ֆինանսավորում են տեղական ՀԿ-ներին, ինչպես նաև օգնություն տրամադրում պետությանը։ Սա, մեծ հաշվով, ո այլ ինչ է, քան յուրատեսակ կաշառք հավատարմության դիմաց։
Փորձագետներից շատերը ինչպես նշված բանավեճի շրջանակում, այնպես էլ առհասարակ մասնավոր զրույցներում բարձրացնում են հետևյալ հարցը` ինչո՞ւ Ռուսաստանը հակաքայլեր չի ձեռնարկում։
Ալեքսանդրովսկին ընդգծեց, որ Եվրամիությունը վաղուց արդեն կոնկրետ հանձնարարականներ ունի, թե ինչպես է պետք քայլ առ քայլ լուսաբանել ԵՄ-ի կողմից երկրներին տրամադրվող օգնությունը, որպեսզի դրա մասին առավելագույն թվով մարդիկ իմանան: Նա նշեց, որ Ռուսաստանը երբեք նպատակ չի ունեցել, օրինակ, գոռալ այն մասին, որ գազը մեզ վաճառում է ցածր գնով, քանի որ Հայաստանին ընկալում է որպես եղբայրական երկիր։
Իսկապես հենց Ռուսաստանն է Հայաստանին իրական աջակցություն ցուցաբերում շատ ուղղություններով և տարբեր ոլորտներում, բայց մենք հաճախ քննադատում ենք նրան, որ անընդհատ չի հիշեցնում իր բարի քայլերը։
Ցավոք, այսօր այդպես է ընդունված, որ հիբրիդային պատերազմի պայմաններում մարդկանց մտքի համար պայքար է ընթանում ցանկացած միջոցներով, իսկ Ռուսաստանի հակառակորդները տարբեր մեթոդներ են օգտագործում իրենց նպատակներին հասնելու համար։ Հայաստանը կարող է դրանց ազդեցությանը հակադրել իր շահերը։