ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է գալիս, շատ տեղերում մառախուղ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` Արագածոտնի մարզում փակ են մնում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գորիս, Քաջարան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գավառ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում, Մալիշկա-Չիվա և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։