ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության ներդրած նոր համակարգով բոլոր իրավաբանական անձինք պետք է գործեն մաքսիմալ թափանցիկության շրջանակում, այսինքն` բոլորը պետք է հանրային ռեգիստրների միջոցով հրապարակեն իրենց իրական սեփականատերերի անունները։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
«Պարտավորությունը տարածվելու է ավելի քան 102 հազար կազմակերպության վրա»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ պարտավորությունը որոշ իրավաբանական անձանց համար ուժի մեջ է մտել փուլային եղանակով 2020 թվականից, սկզբում այն վերաբերել է միայն հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին, տարեցտարի ոլորտներն ավելացել են, իսկ արդեն 2023 թվականին այն կվերաբերվի առանց բացառության բոլորին, այդ թվում` ՊՈԱԿ–ներին և ՀՈԱԿ–ներին։ Իսկ այս պահին դրությամբ կա 2200 գրանցված հայտարարագիր։
Մկրտչյանը նշեց, որ ներկայացված հայտարարագրերը հանրությանը հասանելի են լինելու պետռեգիստրի կայքում։ Մասնավորապես բաց է լինելու կազմակերպությունների իրական սեփականատերերի մասին տեղեկությունը` անուն, ազգանուն , քաղաքացիություն, իրական շահառու դառնալու հիմքը և այլ մանրամասներ։
Հայտարարագրերն էլ պետք է ներկայացվեն առցանց տարբերակով։
Սա, նրա խոսքով, թեպետ կարող է ընկալվել միայն պարտականություն իրավաբանական անձանց համար, սակայն նաև լավ հնարավորություն է, որ այլ իրավաբանական անձինք կարողանան ճանաչել կազմակերպությունների իրական շահառուին, բացահայտել հնարավոր գործընկերոջը, տեսնել նրա փաստաթղթաշրջանառության ծավալը կամ լրջությունը հայտարարագիր ներկայացնելու շրջանակում։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1–ն է։
Իսկ եթե օրենքից խուսանավելու, տեղեկություն կոծկելու կամ չներկայացնելու փորձեր լինեն, նախազգուշացումից հետո նախատեսվում է վարչական պատասխանատվություն և տուգանք (մինչև հարյուր հազար դրամ)։
Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք մինչև փետրվարի 20-ը պետք է տեղեկատվություն ներկայացնեն նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։