ՀՀ–ն աջակցում է Մակրոնի առաքելությանը` ուղղված խաղաղության հաստատմանը. Փաշինյանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնի ծննդյան օրվա առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր առաքելությանը։ Մակրոնի ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները»,–ասված է ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով լեցուն՝ ի նպաստ 2 երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մատակարարումները Լաչինի միջանցքով առանց որևէ պայմանի
Վարչապետը նաև Սուրբ ծնունդի և Ամանորի կապակցությամբ է շնորհավորել Մակրոնին։
Նշենք, որ Մակրոնը տոնում է ծննդյան 45-րդ տարեդարձը։