Հաստատվել է այն դեղամիջոցների ցանկը, որոնք մինչև 2024–ը պետք է արտադրվեն ԵԱՏՄ-ում

Փաստաթուղթը մշակվել է ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի-Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հաստատել է բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների և դեղագործական նյութերի ցանկի հանձնարարականը, որոնց արտադրությունը խորհուրդ է տրվում Եվրասիական տնտեսական միությունում ապահովել մինչև 2024 թվականը, հայտնել են ԵՏՀ-ում:
«Հաշվի առնելով ներկայիս կոշտ տնտեսական իրողությունները` մենք ակնկալում ենք, որ տվյալ ցանկը կդառնա միության դեղորայքային անվտանգության ապահովման ելակետը»,-նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:
Նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից (միության երկրների լիազորված գերատեսչությունների հետ համատեղ), ԵԱՏՄ պետությունների ռազմավարական կարևոր դեղամիջոցներով և բժշկական կիրառման համար դեղագործական նյութերով ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների համապատասխան ծրագրի իրականացման նպատակով, որն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները հաստատել էին անցյալ տարվա նոյեմբերին:
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 9 ամսում աճել է 12%–ով. Պուտին
Ծրագիրը ներառում է պատվաստանյութերի համատեղ արտադրության կազմակերպման հարցի մշակում, դեղերի և դեղագործական նյութերի արտադրության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, մաքսային-սակագնային կարգավորման միջոցների կիրառման մշակում և մի շարք այլ միջոցառումներ: