ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին»,–գրում է թերթը:
Ըստ «Ժողովուրդ»–ի` նա թիմակիցներին փոխանցել է, որ հանձնաժողովի ավելի լավ նախագահ կարող են գտնել իր փոխարեն:
Թերթը գրում է, որ հարցի առնչությամբ փորձել են իմանալ Աղաջանյանի տեսակետը, սակայն ՔՊ-ական պատգամավորի հետ կապ հաստատել չի հաջողվել։