ՌԱԴԻՈ

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար պատիժ սահմանված չէ. Քեյանը` ավտովթարների մասին

Մայրաքաղաքում արդեն մի քանի օր առկա մառախուղի պատճառով տեսանելիության խնդիր կա, ինչը վարորդներին պետք է հուշի, որ վարեն առավելագույն զգուշությամբ, նույնիսկ թույլատրելի արագությունից ավելի նվազ արագությամբ, բայց մեզ մոտ, ցավոք, հակառակ պատկերն է։
Sputnik
Ձմռան սեզոնին վարորդների հիմնական սխալն արագության գերազանցումն է։ Վարորդները մեկընդմիշտ պետք է հասկանան, որ ողբերգական վթարների 90 տոկոսի պատճառը հենց այդ խախտումն է։
Sputnik Արմենիայի եթերում նման դիտողություն արեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Նախօրեին, օրինակ, Երևանի Դավթաշենի կամրջին տեղի էր ունեցել ՃՏՊ, բախվել էին 27 ավտոմեքենա: Շղթայական վթարի պատճառով ճանապարհը որոշ ժամանակ երկկողմանի փակ էր:
«Այս օրերին մայրաքաղաքում առկա մառախուղի պայմաններում տեսանելիությունը 18-20 մետր է, այսինքն` կտրուկ արգելակման գոտին բավականին կարճ է, և 70 կմ/ժ արագությամբ երթևեկելիս ցանկացած խոչընդոտ կարող է հանգեցնել վթարի»,– նշեց Քեյանը։
Նա նկատեց, որ Դավթաշենի կամրջին առաջին հարվածը ստացած մեքենայի հետնամասի զննումը ցույց է տալիս, որ այն չէր կարող 50 կամ 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու դեպքում հայտնվել նման վիճակում։ Նույնիսկ մեքենաների միջև տարածության պահպանումն ու ձմեռային անվադողերով վարելն այդքան էական չէ, որքան սահմանված արագությամբ երթևեկելը։ Միայն այդ կերպ հնարավոր է կանխել ողբերգական վթարները։
Խոսելով պարեկների կողմից երթևեկության վերահսկողության մասին` «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարն ընդգծեց, որ ձմեռային անվադողերով չերթևեկելու համար պատիժ սահմանված չէ, և պարեկներն էլ ի վիճակի չեն բոլորին վերահսկել։
Ըստ նրա` պահանջը վերաբերում է միայն անվադողի մաշվածության տոկոսային սահմանափակմանը, այսինքն` ժողովրդի լեզվով ասած, «քաչալ անվադողով» չի կարելի մեքենա վարել։ Անվադողերը պետք է հատուկ սարքի միջոցով չափվեն, հիմնավորվի դրանցով երթևեկելը, այսինքն` տուգանքն էլ պետք է լինի հիմնավոր։
Առհասարակ անվտանգ երթևեկությունը կախված չէ միայն անվադողերից, մեքենաները պետք է միշտ նորմալ վիճակում պահել, դրա համար անհրաժեշտ է գումարներ չխնայել` այդ կերպ խուսափելով խնդիրներից։ Եվ դա, մեր զրուցակցի խոսքով, ոչ թե պետության, այլ վարորդների հոգսն է։