ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը: Տեղեկությունը նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Նա հայտարարել է, որ ամեն երեկո ժամը 19:00-ից հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև, մտքերի փոխանակում են անելու, նորություններով են կիսվելու և ծրագրելու են առաջիկա անելիքները։ Նա հավելել է, որ օրվա ընթացքում էլ յուրաքանչյուրը կիրականացնի իր աշխատանքային պարտականությունները:
«Դրան զուգահեռ մենք հորդորում ենք բոլոր նախաձեռնող խմբերին ու անձանց չդադարեցնել բողոքի ակցիաները, գտնել ոչ ստանդարտ, կրեատիվ լուծումներ և հնարավորինս ակտիվորեն ձայնը բարձրացնել: Նաև պետք է հաշվի առնել, որ միջազգային կազմակերպությունները, դեսպանատներն ամսի 24-ից գտնվելու են արձակուրդում, նաև դրանով դժվարանում են պայքարի այս ձևերը իրենց արդյունավետության տեսանկյունից»,- ընդգծեց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանն արդեն 8-րդ օրն է՝ նստացույց էր անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ բողոքի ձայն բարձրացնելով ադրբեջանցիների կողմից «Լաչինի միջանցքը» փակելու դեմ։
Դեկտեմբերի 16-ին նա հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդի հետ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։