ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախից Երևան տեղափոխված բուժառուի վիրահատությունը բարեհաջող է անցել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում»,– ասված է հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էր տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող մի տղամարդ (1960 թվականին ծնված)։
Նա սրտի բաց վիրահատության կարիք ուներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։