ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։ Նրա կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ»,– ասված է փաստաթղթում։
Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
Պարգևատրման չափը նշված չէ։