ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արաբկիր վարչական շրջանում գտնվող մի շարք փողոցներ կանվանակոչվեն հայտնի հայերի անուններով։ Որոշումը կայացվեց այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում։
Այսպիսով` Արաբկիրի թիվ 37, 39 և 49 փողոցները կանվանակոչվեն համապատասխանաբար ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, հետախույզ Գևորգ Վարդանյանի և ոստիկանության գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի անուներով։
«Հույս ունենք, որ մեկ կամ երկու տարի հետո Գևորգ Վարդանյանի անունը կրող փողոցը կրկին կանվանափոխվի ու կդառնա Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով»,– որոշումների նախագծերը ներկայացնելիս ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։
Արաբկիրի 17-րդ, 19-րդ, 23-րդ և 29-րդ փողոցներն էլ հապատասխանաբար կանվանակոչվեն արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հրաչյա Թամրազյանի և բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անուններով։
Մի քանի փողոց էլ կանվանափոխվենՆորք-Մարաշ վարչական շրջանում։ Մասնավորապես` Նորքի 5-րդ փողոցն այսուհետ կկրի դիրիժոր Օհան Դուրյանի անունը, իսկ Նորքի 17-րդ փողոցը կանվանակոչվի Բուժաշխատողների փողոց։
«Կարծում եմ` երկար ներկայացնելու կարիք չկա 2020 թ.–ին բուժաշխատողների կատարած շատ ծանր աշխատանքը։ Նրանց դերն անասելի մեծ էր կորոնավիրուսի, իսկ հետո նաև պատերազմի ժամանակ։ Նրանք այդ օրերին արեցին անհնարինը»,– որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
Բոլոր նախագծերն ընդունվեցին միաձայն։