ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Օշական գյուղում երիտասարդը գողության նպատակով մտել է անասնագոմ, ապա քլունգով հարվածել 30-ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Անասնագողության փորձի և տղամարդուն մարմնական վնասվածքներ պատճառելու մասին ոստիկանությանը հայտնել է նրա մայրը։
Ոստիկանությունը նաև հաղորդում է ստացել Աշտարակի հիվանդանոցից, որ իրենց մոտ Օշական գյուղի բնակիչ է տեղափոխվել «գագաթային շրջանի սալջարդ վերք, քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ:
«Ոստիկանները պարզել են, որ անասնագողության փորձ անողն ու քլունգով վնասվածք հասցնողը տուժած տղամարդու մոտ հովիվ աշխատող համագյուղացին է, 22–ամյա մի երիտասարդ: Իրավապահները դեկտեմբերի 19-ի երեկոյան հովվին գտել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում։ Երիտասարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա խոստովանել է, որ գողության նպատակով մտել է գոմ, հետո էլ քլունգով հարվածել անասնատիրոջն ու դիմել փախուստի»,– ասված է հաղորդագրությունում։
Աշտարակի քրեական հետախույզները նաև պարզել են, որ անասնատիրոջ և հովվի հարաբերությունները ժամանակին եղել են գործընկերային: Նրանք անցած տարվա դեկտեմբերին Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող մի առանձնատան պատուհանը բացել, մտել են ներս և գողացել հեռուստացույց, 200 լիտր տարողությամբ 16 պլաստիկ տարա, սպասք ու հագուստներ, որոնք անասնատիրոջ ՈւԱԶ-ով տեղափոխել են նրա տուն:
Իրավապահները միջոցառումներ են իրականացնում տուժողին հայտնաբերելու համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: