ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում շրջակա միջավայրին հասցվել է մոտ 19 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` ամփոփելով դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները։
Ըստ հաղորդագրության` արձանագրվել է 55 դեպք, որոնցից 7–ի դեպքով արձանագրվել է 650 հազար դրամի չափով վարչական տուգանք։
«Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված մոտ 3 մլն–իվնաս, 21 դեպքով նշանակվել է շուրջ 1մլն 700 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Տեսչական մարմինը նշում է որ ստուգումներ են իրականացվել մասնավորապես բուսական աշխարհի պահպանության, կենդանական աշխարհի պահպանության, մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտներում։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է նաև հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100 հազար դրամի վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 9 գործ` ընդհանուր 1 մլն 300 հազար դրամի չափով։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել մոտ կես միլիոն դրամ: