ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ձմեռ պապը Վելիկի Ուստյուգից եկել է Հայաստան` անձամբ ուրախացնելու հայ մանուկներին և շնորհավորելու նրանց գալիք Ամանորի առթիվ։
Հայաստանը Ռուսաստանի գլխավոր հրաշագործի համար մեծ շրջագայության վերջնակետն է դարձել․ ճամփորդության ընթացքում նա հասցրել է լինել Բելառուսում, Ղազախստանում, Սերբիայում, Գերմանիայում և շատ այլ երկրներում։
Ձմեռ պապ
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանյան շրջագայությունը նա սկսեց «Ռուսական տուն» այցելելուց, որտեղ «Ռուսական զարդանախշեր» («Русские узоры») խորեոգրաֆիական ստուդիայի և «Երկնքի ափը» («Берег неба») վոկալային ստուդիայի աշակերտները նրա պատվին իսկական տոն էին կազմակերպել։
Այնուհետև Ձմեռ պապը շտապեց այցելել Երևանի Մանկան տանը (մանկատուն, որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների համար) գտնվող փոքրիկներին, ինչպես նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոքրիկ բուժառուներին։ Բոլորին նվերներ բաժանելով` Ձմեռ պապը նրանց առողջություն և նոր ձեռքբերումներ մաղթեց։
Ձմեռ պապը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan
«Ես ոտք եմ դրել հայկական հյուրընկալ հողին, որպեսզի վառեմ ամանորյա եղևնիները լույսերը, Նոր տարվա առթիվ շնորհավորեմ ամբողջ հանրապետությանը։ Թոռնիկներիս համար էլ նվերներ եմ պատրաստել։ Դե, նաև կտեսնեմ, թե ինչպես է ձեր ժողովուրդը պատրաստվում դիմավորել բոլորի սիրելի տոնը»,- Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Ձմեռ պապը։
Նա խոստովանեց նաև, որ իր հետ հայկական չրեր և ընկուզեղեն է տանելու հայրենիք․ դրանց համի մասին վաղուց էր լսել, իսկ հիմա անձամբ է համոզվել։
Ձմեռ պապը շատ տպավորված է նաև Երևանի ամանորյա զարդարանքներից, հասցրել է զբոսնել քաղաքում և այցելել գրեթե բոլոր նշանակալի վայրերը։ Հաջորդ տարի կցանկանար վերադառնալ, բայց պայմանով՝ պետք է լուսանկարվի ոչ միայն փոքրիկների, այլև նրանց ծնողների հետ։
«Նոր տարին ընտանեկան տոն է, և լուսանկարում պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամները»,- բացատրեց Ձմեռ պապը։
Նա պատրաստվում է այցելել նաև Գյումրի, Մեծամոր, Արմավիր և Էջմիածին։ Այնուհետև կմեկնի Նովոսիբիրսկ, որը ճանաչվել է Ռուսաստանի Ամանորյա մայրաքաղաք։
Նշենք, որ Վելիկի Ուստյուգում Ձմեռ պապի գրասենյակ կա, որը թանգարան ու արհեստանոցներ ունի։ Դեկտեմբերի վերջին օրերին Ձմեռ պապն ավանդաբար լքում է իր անտառային տունը, որպեսզի մեկնարկ տա ամանորյա հանդիսություններին։
Մարտի վերջին Վելիկի Ուստյուգի բնակիչները նշում են Կարմիր Գարնան տոնը (Весна-Красна), և Ձմեռ պապը ձմեռային գործերից ու հոգսերից հետո վերադառնում է իր անտառային տուն՝ հանգստանալու, որպեսզի օգնականների հետ պատասխանի երեխաների նամակներին և նվերներ պատրաստի հաջորդ Նոր տարվա համար:
Ձմռան տիրակալը հանրային ելույթի համար երրորդ անգամ դուրս է գալիս հունիսի կեսերին, երբ Վելիկի Ուստյուգ քաղաքը նշում է իր ծննդյան օրը: