Հայ-չինական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի համատեքստում պահանջված և արդիական է երկու կողմերի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում
«Մենք Չինաստանի հետ ռազմական համագործակցության փորձ ունենք, ժամանակին ռազմարդյունաբերության ոլորտում կատարվել են որոշակի գնումներ, բայց դա եղել է տասնամյակներ առաջ։ Եղել են նաև սպայակազմի գործուղումներ Չինաստան, որտեղ մեր զինվորականները մասնակցել են տարբեր դասընթացների։ Բայց խնդիրն այն է, որ մենք իրականում բավականին թույլ պատկերացում ունենք Չինաստանի ընդհանուր և՛ քաղաքականության, և՛ ռազմական գործի մասին»,– ասաց փորձագետը։
Ներսիսյանի դիտարկմամբ` առհասարակ շատ քիչ գրականություն է հրատարակվում, հիմնականն էլ անգլերեն է, իսկ ռուսական վերջին ուսումնասիրությունները ռազմական գործունեության վերաբերյալ վկայում են այն մասին, որ Հարավային Կովկասում հիմնական դերակատարը Ռուսաստանն է, նշելով նաև ԱՄՆ–ի և Թուրքիայի ներկայության մասին։
Ըստ նրա` Չինաստանի պարագայում հիմնական ուղղությունները, ի տարբերություն մյուս գերտերությունների, հարթվում են ներդրումների, համատեղ դիվանագիտական աշխատանքի, մշակութային կապերի, ուսանողական ներուժը չինական բուհերում ներգրավելու միջոցով։
Անդրադառնալով այն հարցին, թե կարող է արդյոք ՀՀ–ն ռազմական ոլորտում համագործակցել Չինաստանի հետ այնպես, ինչպես Հնդկաստանի, մեր զրուցակիցն ընդգծեց, որ Չինաստանն ավելի փակ քաղաքականություն է վարում։
«Չինացիները տեխնոլոգիական նորագույն նորամուծությունները ռազմական ոլորտում գաղտնի են պահում։ Կարելի է միայն ամերիկյան աղբյուրներից ծանոթանալ, օրինակ, վերջին սերնդի հիպերձայնային զինատեսակների արտադրական պրոցեսներին ու դրանց կիրառելիությանը։ Այդուհանդերձ բաց աղբյուրներում կան տեղեկություններ, որոնք վկայում են Չինաստանի թռիչքաձև զարգացման մասին, հետևաբար այդ տեսանկյունից չափազանց կարևոր է այդ երկրի հետ համագործակցությունը»,– նշեց Ներսիսյանը։
Նրա խոսքով` հայ զինվորականների գործուղումները Չինաստան այդքան էլ հաճախակի չեն, բայց կա միջգերատեսչական համաձայնագիր, որով պարբերաբեր մեր սպաներն ուսումնառություն են անցնում այդ երկրում, ուղղակի խնդիրն այն է, թե Չինաստանից ինչ ենք բերելու մեզ հետ։ Ռազմական փորձագետի պնդմամբ` մենք չինական ռազմարվեստի մասին գրեթե ոչինչ չգիտենք։