Հեռուստաընկերության անունը չպետք է խաղային բիզնեսի անվամբ լինի. Պապոյան

Գևորգ Պապոյան. Արխիվային լուսանկար
Գևորգ Պապոյանը նշեց, որ փորձելու են կոտրել խաղամոլության տարածման աճի տեմպը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսուհետ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն։ ԱԺ արտահերթ նիստում, ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ասաց իշխանական պատգամավոր, նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ է քննարկում այս նախագիծը։
«Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող ենք ուղղակիորեն կապել կամ շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով: Մենք տնտեսական առումով խնդիր չունենք, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունենք, սակայն խնդիր ունենք խաղամոլության դեմ պայքարի հարցում»,–ասաց Պապոյանը։
Նրա խոսքով` հարցն այն է, որ նույն անվանմամբ հեռուսատատեսությունն անուղղակի կերպով գովազդ է ստացվում, ասոցացվում է խաղի հետ:
Պապոյանը հայտնեց, որ նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և այնպիսի անվանումներ ստանալ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ: Պատգամավորը շեշտեց` փոփոխությունը կապված է խաղամոլության դեմ պայքարի իրենց հանձնառության հետ։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքի նախագիծն ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։