Գյումրու նախկին քաղաքապետը հանցավոր ճանապարհով հողամասեր է օրինականացրել. դատախազություն

Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան
Ըստ դատախազության` Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրու կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող 5 միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վարդան Ղուկասյանը 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրու քաղաքապետ, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրիում գտնվող 15 հողամաս, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ դատախազության` Ղուկասյանը, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող 5 միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
«Գյումրու նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշված անշարժ գույքերի մի մասը Գյումրու նախկին քաղաքապետը, օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն։ Մյուս մասն էլ Վ.Ղ.-ն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին:
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում. փաստաբան
Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013–ին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև 2014 թվականին Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.–ի որդուն` Ս.Ղ.-ին:
Դատախազությունից տեղեկացնում են նաև, որ փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վ.Ղ.-ն վնասել է պատմության և մշակույթի հուշարձանը:
«Արձանագրված փաստերը վկայում են առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին։ Հաշվի առնելով այդ ամենը` Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ (ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 301-րդ հոդվածի 1-ին մաս (պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը))»,– ասված է հաղորդագրությունում:
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: