Դեֆիցիտային նյութ
Արդեն շուրջ 10 ամիս է` արևմտյան սպառազինությունն անվերջանալի հոսքով Ուկրաինա է գնում։ ՆԱՏՕ–ի երկրները աստիճանաբար ավելի շատ ռազմական «երկաթ» են մատակարարում։ Սակայն Եվրոպայում և ԱՄՆ–ում հաճախակի են սկսել կասկածներ արտահայտել հետագա օգնության նպատակահարմարության վերաբերյալ։
Միացյալ օդային հզորության վրա խաղադրույք անելը չար կատակ խաղաց. Բրյուսելն ու Պենտագոնը, ինչպես պարզվեց, հրետանու և զրահատեխնիկայի ինտենսիվ կիրառմամբ մարտերը հաշվի չէին առել։
Քաղաքական գործիչների և զինվորականների շրջանում առանձնակի մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը ռազմամթերքը հսկայական ծավալներով է սպառում։
Արևմտյան մատակարարումների առյուծի բաժինը ՆԱՏՕ–ում ամենատարածված 155մմ տրամաչափի հրետանին է։ Կիևը հարյուրավոր ամերիկյան M777 հաուբիցներ, ֆրանսիական Caesar հրետանային կայանք, գերմանական PzH 2000–ներ, շվեդական Archer համակարգեր և այլ ռազմամթերք է ստացել։ Այդ ամենն ակտիվորեն կիրառում են ռազմաճակատում, ինչը հանգեցնում է տեխնիկայի մաշվածության, ինչպես նաև արկերի մշտական և անխափան մատակարարում է պահանջում։ Սակայն ՆԱՏՕ–ի պաշարները հավերժ չեն։
Առաջինը խնդրի մասին ահազանգեցին գերմանացիները։ Die Welt թերթը հաշվարկել էր, որ ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ բունդեսվերի փողային հրետանու համար արկերն առնվազն մի քանի օր կբավականացնեն։ Կորուստներն արագ փոխհատուցել չի ստացվի. պաշտպանական արդյունաբերությունը պարզապես նախատեսված չէ 155մմ տրամաչափի ռազմամթերքի զանգվածային արտադրության համար։
Իրավիճակը բարդանում է նաև հումքի պակասուրդի պատճառով։ Արկերի արտադրության համար անհրաժեշտ բամբակյա մանրաթելը Գերմանիան Չինաստանից է ներմուծում, իսկ ՉԺՀ–ն դեկտեմբերի սկզբին անհայտ պատճառներով ուշացրել է հերթական խմբաքանակը։ Ավելին` բունդեսվերում խոստովանել են, որ վերջին ամիսներին այդ նյութի համար պատվերների ժամկետը եռակի ավելացել է։
Խնդրի լուծմանը խանգարում է նաև միջոցների բացակայությունը։ Դեկտեմբերին Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները ՊՆ–ի ղեկավար Քրիստինա Լամբրեխտին մերժեց գումար հատկացնել ռազմամթերքի համար։ Պաշտոնական պատճառը բյուրոկրատական բարդ գործընթացներն են։
Արտադրության ընդլայնում
Ամերիկացիները Կիևին ավելի քան 1 մլն 155 միլիմետրանոց արկ են փոխանցել։ Պենտագոնի բանակային պահեստները նկատելիորեն դատարկվել են։ Արդյունքում նոյեմբերին Կիևին ուղարկվել է ընդամենը 21 հազար միավոր զինամթերք, թեև դեռ ամռանը ամսական 75-120 հազար էր մատակարարում։
«Բայդենի վարչակազմի ջանքերը ազգային անվտանգության երկու լուրջ խնդիր են քողազերծում` ռազմամթերքի անբավարար քանակ և դժվարություններ, որոնց բախվում է պաշտպանական արդյունաբերական համալիրը ծայրահեղ կարևոր իրերի արտադրանքի արագ ավելացման պատճառով, – ընդգծում է The National Interest ամերիկյան պարբերականը։ – Ցավոք, ոլորտը տասնամյակներով բավարար չափով չի ֆինանսավորվել։ Եվ դա դեֆիցիտի է հանգեցրել»։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ–ի համար արկեր ձեռք կբերեն Հարավային Կորեայից` մոտ 100 հազար հատ։ Վաշինգտոնում հասկանում են, որ դա ժամանակավոր տարբերակ է. ռազմամթերքի կարիք ունի նաև Սեուլը ԿԺԴՀ–ի հրետանային սպառնալիքը չեզոքացնելու համար։
ԱՄՆ–ն փորձում է շտապ շտկել իրավիճակը։ Օրերս Պենտագոնը 155մմ տրամաչափի ռազմամթերքի վերաբերյալ պետական երկու պատվեր է տեղադրել։ Արտադրական նոր հոսքեր կբացեն Տեխասում և Օհայոյում։
Ամերիկյան բանակում խոստացել են մինչև գարուն ամսական 20 հազար արկի արտադրություն տալ, մինչև 2025 թվականը` մինչև 40 հազար։ Թեպետ պարզ չէ` որքանով դա կօգնի Ուկրաինայի ԶՈւ–ին, որը օրական մինչև 10 հազար ՆԱՏՕ–ական «տրամաչափի» արկ է արձակում։ ՌԴ հրետանին շփման գծի ողջ երկայնքով միջինը երեք անգամ շատ է ծախսում։
Մոտեցման վերանայում
Պաշարների սպառման մասին հայտարարել են նաև Ֆրանսիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։ Թեև Լոնդոնը, The Guardian թերթի տվյալներով, շուտով Կիևին հարյուրհազարավոր հրետանային ռազմամթերք կուղարկի` ըստ պայմանագրի` 250 մլն ֆունտի։
Բացի այդ, հրթիռային համակարգեր և զենիթային զենք են փոխանցելու։ Միաժամանակ վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնյաներին հանձնարարել է գնահատել ուկրաինական հակամարտության ընթացքն ու բրիտանական աջակցության դերը։ Այլ կերպ ասած` կարգադրել է Ուկրաինայի ԶՈւ–ում ներդրած միջոցների ֆինանսական աուդիտ անցկացնել։
«Ընդհանուր միտումը փոխվում է, քանի որ թանկարժեք սպառազինության մատակարարումներն անվերջ չեն, – կարծում է ՄՀՄՊԻ–ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Պոդբերյոզկինը։ – Մեկ արկը հազարավոր դոլարներ արժե։ Ու դրանք ավելի արագ են սպառվում, քան արտադրվում են։ Հրետանային դիվիզիոնի համար, օրինակ, մատակարարումները 1-2 շաբաթ են բավականացնում։ Իսկ դրանց արտադրության միջին ցիկլը մոտ մեկ տարի է»։
Պակասուրդի պայմաններում ՆԱՏՕ–ն որոշել է 155 միլիմետրանոց հաուբիցների փոխարեն 105 միլիմետրանոցներ փոխանցել։ 1950 թվականի արտադրության այդ թեթև զենքերը խիստ զիջում են ժամանակակից թնդանոթներին։ Հեռահարությունը 10 կմ է։ Նշանակում է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի հրետանային հաշվարկները պետք է գրեթե ընդհուպ մոտենան շփման գծին` պատասխան ինտենսիվ կրակի տակ ընկնելով։
Իհարկե, վերլուծաբանները նշում են, որ եթե ՆԱՏՕ–ն լրջորեն ընդլայնի զենքի սեփական արտադրությունը, զինամթերքի պակաս չի լինի։ Սակայն դա շատ ժամանակ կպահանջի։