ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»»,– գրել է նա։
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը:
Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:
Հիշեցնենք` Գալուստ Սահակյանը մահացել է դեկտեմբերի 18-ին։ Նա 74 տարեկան էր։
Սահակյանը 1995-2012 թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2014 թվականի ապրիլի 29-ին ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահ։
Եղել է ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։ 2019 թվականից դադարել է զբաղվել քաղաքականությամբ։