«Ազատ տեղաշարժ ապահովել»․ Ուրուգվայի Սենատը Լաչինի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ուրուգվայի օրենսդիր պալատ
Ուրուգվայի Սենատը հորդորում է վերջ դնել ճնշումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ուրուգվայի Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժ ապահովել: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչությունը։
«Մի քանի րոպե առաջ Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ քվեարկեց մի հայտարարության, որով կոչ է արվում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ազատ տեղաշարժ ապահովել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով՝ վերջ դնելով ճնշումներին», - նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհուրդը զբաղվում է մարդու իրավունքների և մասնավորապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Կառույց գործում է հինգ մայրցամաքում։
Նշենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն էր, որ 1965 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ առաջինն է խորհրդարանի մակարդակով հանդես գալիս ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:
Մայիսին Ուրուգվայը սառեցրեց Թուրքիայում նոր դեսպանի նշանակման ընթացակարգը, երբ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ ցույց տվեց «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։