Արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզությամբ չի զբաղվի. Գրիգորյան

Ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծմամբ նախատեսվում է երկրում ձևավորել հետախուզական համայնք, որտեղ կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ներկայացրեց արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին կից պետական կառավարման մարմին։ Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման գործունեության, ծառայողների ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, ծառայությունից և պաշտոնից ազատվելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, իրավական և սոցիալական երաշխիքները և այլն։
Նա շեշտեց, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։
«Դրանով նորաստեղծ ծառայությանն ավելի լայն հնարավորություններ կունենա, կառույցը կհամալրվի մասնագետներով»,–ասաց ԱԽ քարտուղարը։
Ներկայացված փաթեթով արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է անվտանգության խորհրդի անդամ։
Գրիգորյանը հայտնեց նաև, որ ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։
ԱԽ քարտուղարի խոսքով` արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա ՀՀ–ի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա հայթայթի։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին
«Արտաքին հետախուզության ծառայությունը պետք է հայթայթի նաև ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ։ Դրանց հիման վրա վերլուծություն կատարի անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն։ Արտաքին հետախուզության ծառայությունը գործողություններ չի կատարելու»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ծառայության ինֆորմացիան վերաբերելու է նաև ՀՀ–ի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարում ունի։
Նշենք, որ ավելի ուշ ԱԺ–ն առաջին ընթերմամբ, 69 կողմ, 28 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը։