ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Wildberries ընկերությունը Հայաստանի ձեռներեցներին հնարավորություն է տվել հարթակի միջոցով սեփական արտադրանքի ուղիղ վաճառք իրականացնել դեպի այլ երկրներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Առաջին երկիրը դարձել է Ռուսաստանը։ Դրա շնորհիվ ՀՀ արտադրողները կկարողանան առցանց հարթակում ընդլայնել սեփական ապրանքի տեսականին և ավելացնել եկամուտները»,– ասվում է հաղորդագրությունում։
Պատվերը ստանալուց հետո վաճառողները ապրանքը բերում են Երևանում գտնվող ընկերության պահեստ, ինչից հետո լոգիստիկ ծառայությունը դրանք հասցնում է գնորդներին։ Միևնույն ժամանակ, վաճառողների համար առևտրային միջնորդավճարը հասնում է 3 %` կախված ապրանքների կատեգորիայից։
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի արտադրանքը առցանց հարթակում բարձր պահանջարկ ունի։ Ընթացիկ տարվա 11 ամսում վաճառքն ավելացել է տարեկան 71 %–ով` հասնելով 290 մլն ռուբլու։ Ավելի դինամիկ կերպով պահանջվում են աքսեսուարները (+958%), կոսմետիկան և օծանելիքները (+449%), տան համար ապրանքները (+312%), մթերքը (+276%) և նորածինների հագուստը (+267%)։
Նշենք, որ Wildberries–ը մայիսի կեսերին Հայաստանում բացել է իր առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ է տվել հարթակում ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել։