ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից և փոխվարչապետ նշանակվել։ Համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,– ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Անվտանգության խորհրդի հերթական նիստն էր անցկացվել, որի սկզբում Փաշինյանը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
Տիգրան Խաչատրյանը փոխարինելու է եկել ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, որը պաշտոնից ազատվեց դեկտեմբերի 12-ին։