ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղն է զբաղեցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը: Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել է 2 պարտություն»,– ասված է հաղորդագրությունում:
Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ վաստակելով 16,5 միավորով։
Կատովիցեում անցկացվել է նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ, սակայն, Հայաստանի ներկայացուցիչները մեդալ չեն վաստակել։
Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նույնքան միավորով մրցաշարն ավարտել է 18-րդ հորիզոնականում։