Սեպտեմբերյան մարտերի ընթացքում հայկական կողմը 224 զոհ է տվել

Արխիվային լուսանկար
Սեպտեմբերյան երկօրյա մարտերում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը 224 զոհ է տվել, մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 10, իսկ նոյեմբերի 28-ին՝ 13 զինվորականի մարմին։
Հավելենք, որ մինչ օրս ադրբեջանական ուժերը շարունակում են ապօրինաբար մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։