Սահմանապահները Իրանի հարավ–արևելքում 400 միավոր զենք են առգրավել

Զենք
Ձերբակալվել է զենքի մաքսանենգությամբ զբաղվող 19 հանցավոր խումբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Իրանի սահմանապահները վերջին երեք ամսում Խուզեստանում 400 միավոր մաքսանենգ զենք են առգրավել։ Այս մասին հայտարարել է սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։
«Վերջին երեք ամսվա ընթացքում 400 միավոր մաքսանենգ զենք է առգրավվել, այդ թվում` 330 ատրճանակ», – Գուդարզիի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։
Գեներալի խոսքով` 33 հազար փամփուշտ է հայտնաբերվել տարբեր մարտական զենքերի համար` M16 հրացանների, «կոլտ» տեսակի ատրճանակների, Կալաշնիկով ինքնաձիգների։
Նա հավելել է, որ զենքի մաքսանենգությամբ զբաղվող 19 հանցավոր խումբ է ձերբակալվել։
Հիշեցնենք` Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։
Բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ–ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը` Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Ամիսներ տևած ցույցերից հետո Իրանը լուծարել է բարքերի ոստիկանությունը. ԶԼՄ
Իրանի իշխանությունները Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը:
Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալ