ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել:
Խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում։
«Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,-նշվում է տեղեկագրում:
Նախարարությունում հավելել են, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի և Գանձասարի վանքեր։
«Ընդհանուր առմամբ` 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2504,1 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26762 պայթյունավտանգ առարկա»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։